Հնդկաստանում 23 երեխայի պատանդ պահող տղամարդն սպանվել է. նա մեղադրվում էր սպանության մեջ և ազատ էր արձակվել գրավի դիմաց
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում ոստիկանները հատուկ գործողության ժամանակ սպանել են Սուրեշ Բատամ անունով տղամարդուն, որը 23 երեխայի` 6 ամսականից մինչև 15 տարեկան, իր տանը պատանդ էր պահում: Այս մասին հայտնում է India Today-ը:
Հայտնի են նոր մանրամասներ: Նշվում է, որ Բատամը, որը մեղադրվում է սպանության համար և ազատ է արձակվել գրավի դիմաց, երեխաներին հրավիրել է իր տուն` իր մեկամյա աղջկա ծննդյան տարեդարձը նշելու պատրվակով, որից հետո նրանց պատանդ է վերցրել: Պատանդների մեջ են եղել նաև մի քանի կանայք, որոնք երեխաներից փոքրերի հետ են ժամանել:
Նշվում է, որ ոստիկաններից մեկը փորձել է բանակցել հանցագործի հետ, սակայն նա կրակել է վերջինիս ոտքին: Տան շրջափակումից հետո տղամարդն սկսել է անկանոն կրակ բացել և ձեռքով պատրաստած նռնակ է նետել: Վիրավորվել է երեք ոստիկան, Բատամն սպանվել է: Նախնական տեղեկություններով` երեխաներից ոչ ոք չի տուժել:










