ԻՊ-ը սկսել է ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արևելքի կենտրոնում. ՄԱԿ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է իր դիրքերն ամրապնդել Մերձավոր Արևելքի կենտրոնական հատվածում և դրան զուգահեռ շարունակում է արևմտյան մասում հարված իրագործելու շուրջ հնարավորություններ փնտրել:
Ինչպես նշում է The Guardian-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը: Համապատասխան զեկույցը ներկայացվել է կառույցի Անվտանգության խորհրդին:
Զեկույցը հիմնված է հետախուզական տվյալների վրա: Նշվում է, որ ԻՊ ահաբեկիչներն օգտվում են Սիրիայում և Իրաքում անվտանգության ուժերի թույլ լինելուց և ծրագրում են բանտերից իրենց տասնյակ հազարավոր հետևորդների փախուստը:
Ըստ զեկույցի՝ թեև խմբավորումը լուրջ նահանջներ է գրանցել, այնուհանդերձ՝ շարունակում է հաստատակամ լինել, ունի լավ ֆինանսավորում և դեռևս լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ մերձավորարևելյան տարածաշրջանի, թե՛ ամբողջ աշխարհի համար:










