Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում
Իտալիայում գրանցվել է Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, վարակվածները Չինաստանից Իտալիա եկած զբոսաշրջիկներ են:
«Հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Վարակվածները չինացի զբոսաշրջիկներ են, որոնք եկել են մեր երկիր»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի անհայտ տեսակի բռնկման մասին: Մասնագետների խոսքով` հիվանդության հարուցիչ է համարվում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիուսը:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացրել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:










