Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրոհայինների հարձակման հետևանքով 21 մարդ է զոհվել

11:35 • 31.01.20

Առնվազն 21 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գրոհայինների միաժամանակյա հարձակումների հետևանքով, գրում է Actualite հրատարակությունը:

Ավելի վաղ չորեքշաբթի հայտնի էր դարձել ԿԴՀ արևելքում Բենիի տարածքում գրոհայինների հարձակումների հետևանքով 36 զոհի մասին:

Հրատարակության տվյալներով` հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի, Բենիի տարածքում. ենթադրվում է, որ այն կատարել են ADF խմբավորման գրոհայինները: Մանտումբի բնակեցված գոտում սպանվել է 11 մարդ: Մամովեի շրջանում կրակոցների և մաչետեի կիրառման հետևանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում մեկ նորածին երեխա կա:

«Գրոհայինները հարձակում են գործել Մամովեի կենտրոնական մասում ժամը 15.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 18: 00-ին): Նրանք սպանել են 6 մարդու, որոնց թվում` 3 կին, երկու տղամարդ և մեկ երեխա: Մուլոլյայում գտնվել է ևս երեք դի, Ավելիում` օրվա առաջին կեսին սպանված տաքսու վարորդի դի»,- հայտարարել է Մամովեի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Կինոս Կատուհոն:

Նա հավելել է, որ հարձակվողներն այրել են մի շարք մոտոցիկլետներ և Մամովեում մի տուն:

Ուգանդական ծագմամբ «Դաշնակցային ժողովրդավարական ուժեր» (ADF) խմբավորումը ստեղծվել է 1995 թվականին և գործում է ԿԴՀ-ի և Ուգանդայի տարածքում: Խմբավորման մեջ ընդգրկված են ուժեր և իսլամիստներ, որոնք դեմ են Ուգանդայի գործող իշխանությանը: Ուգանդայի կառավարությունը խմբավորումն ահաբեկչական է համարում: ՄԱԿ-ը նրան մեղադրում է 2014 թվականից հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանության համար:

2017 թվականին գրոհայինները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: 2019 թվականի ապրիլին ԻՊ-ն առաջին անգամ ստանձնել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ ժամանակ ADF գրոհայինները հարձակվել էին ԿԴՀ զորանոցների և ԿԴՀ-ում իրավիճակի կայունացման ՄԱԿ-ի առաքելության անդամների վրա: