«ԱՄՆ-ն վերահսկում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը». Թրամփ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանում իր համակիրների առաջ ելույթի ժամանակ անդրադարձել է բազմաթիվ հարցերի, այդ թվում նաև կորոնավիրուսի նոր տեսակի տարածմանը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Թրամփը վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները վերահսկում են երկրում վարակի տարածման հետ կապված իրավիճակը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն այս հարցով սերտ համագործակցում է Չինաստանի հետ:
«Այժմ մենք կորոնավիրուսի հարցով շատ լուրջ աշխատում ենք Չինաստանի հետ: Սա նոր երևույթ է, որի մասին ներկայում շատերն են խոսում: Լիահույս եմ, որ ամեն ինչ այդչափ վատ չի լինի, ինչպես որ ասում են: Մենք սերտ համագործակցում ենք մի շարք այլ երկրների հետ և ենթադրում ենք, որ միանգամայն վերահսկում ենք իրավիճակը: Ներկայում մեր երկրում այս հիվանդության հետ կապված շատ քիչ խնդիրներ կան»,-ասել է Թրամփը:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման վեց դեպք է գրանցվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի:










