Դալայ-լաման չինական նոոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար խորհուրդ է տվել հաճախ կարդալ Թարայի Մանտրան

16:10 • 01.02.20

Տիբեթյան Բուդդիստների հոգևոր առաջնորդն իր խորհուրդն է տվել չինական նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին տեղեկացնում է savetibet.ru կայքը:

Դալայ-լաման նշել է, որ բուդդիստները պետք է հնարավորինս հաճախակի կարդան Թարայի Մանտրան, որպեսզի չվարակվեն մահացու կորոնավիրուսով: Ընդունված է կարծել, որ Մանտրայի ընթերցանության ժամանակ որոշակի հնչյունների և բառերի հաջորդականությունը լավ ազդեցություն է ունենում մարդու վրա:

«Նորին սրբազնությունը հայտարարել է, որ Թարայի Մանտրայի ընթերցանությունը կարող է համաճարակի դեմ պայքարի միջոցներից մեկը դառնալ: Նորին սրբազնությունը կիսվել է Թարայի մանտրայի ընթերցանության իր ձայնագրությամբ և խորհուրդ է տվել արտասանել այն հնարավորինս հաճախ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11.100 է: