Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

03:33 • 01.02.20

Իսպանիայում գրանցվել է Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Իսպանիայի կառավարությունը հաստատել է տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ հիվանդը գտնվում է Գոմերա կղզում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանարյան կղզիներից հիվանդանոց էր տեղափոխվել 5 մարդ: Նրանք բոլորն ապրում են միևնույն բնակարանում: Նրանցից երկուսը Գերմանիայում շփում են ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 11100-ի: Վարակը խլել է 258 մարդու կյանք: