Չինացի բժիշկը դեռ դեկտեմբերի 30-ին էր տեղեկացրել նոր կորոնավիրուսի մասին և հայտնվել ոստիկանությունում. The New York Times
2019 թվականի դեկտեմբերի սկզբին 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում ի հայտ եկան կորոնավիրուսի նոր տեսակով վարակված առաջին հիվանդները: Չինական իշխանությունները շաբաթներ շարունակ որևէ ակտիվ գործողություն չձեռնարկեցին, և թաքցնում էին տեղեկությունը` ստիպելով բժիշկներին լռել հիվանդության մասին, հայտնում է The New York Times հրատարակությունը:
Ուհանի կենտրոնական հիվանդանոցի 34-ամյա Լի Վենլյան անունով բժիշկը 2019 թվականի դեկտեմբերի 30-ին գործընկերներին պատմել է մի քանի հիվանդի մոտ հայտնաբերված վիրուսային հիվանդության մասին: Վերջինս սկզբում կարծել է, թե խոսքը 2000-ական թվականներին Չինաստանում և այլ երկրներում տարածված SARS թոքաբորբի մասին է: «Ատիպիկ թոքաբորբի 7 հաստատված դեպք»,-գրել է բժիշկը՝ Չինաստանում առավել տարածված WeChat հավելվածում:
Ուհանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները գիշերվա կեսին կանչել են բժշկին և խնդրել բացատրություն տալ նման «կեղծ տեղեկատվություն» հրապարակելու պատճառների մասին: Բացի այդ, նրան երկու անգամ կանչել են Ուհանի ոստիկանություն և զգուշացրել վերջինիս «կեղծ տեղեկություններ» չտարածել և հասարակության շրջանում խուճապ չառաջացնել:
Հրատարակությունը հրապարակել է Լիի ստորագրած փաստաթուղթը, որում վերջինս խոստանում է հիվանդության տարածման մասին լուրեր չտարածել: Ընդհանուր առմամբ, Ուհանի ոստիկանությունը հունվարի սկզբին ութ մարդու է պատժել վիրուսային հիվանդության մասին լուրեր տարածելու համար:
Հիվանդանոց վերադառնալուց հետո Վենլյանը հիվանդից վարակվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրոսով: Այժմ նա նույն հիվանդանոցում բուժման կուրս է անցնում:
Հունվարի 28-ին Չինաստանում հազարավոր մարդկանց մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո, ՉԺՀ Գերագույն դատարանը քննադատել է Ուհանի ոստիկանությանը՝ բժիշկ Լիին և այլ մարդկանց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար և նշել, որ նրանց հավատալու դեպքում գուցե այժմ հնարավոր լիներ կանխարգելել այն իրավիճակը, որն առկա է Ուհանում:










