«Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

13:37 • 06.02.20

Ֆրանսիայի խորհրդանիշը համարվող Էյֆելյան աշտարակը փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ Solidaires արհմիությունների խմբի գործադուլի պատճառով, հայտնի է դառնում Twitter սոցիալական կայքում աշտարակի էջում տեղադրված հայտարարությունից: 

«Ազգային գործադուլի պատճառով այսօր փակ եմ»,- ասվում է հայտարարության մեջ: 

Նաև նշվում է, որ աշտարակի շրջակա տարածքը բաց կլինի այցելուների համար. նրանք կարող են անվճար շրջել մոտակայքում:

Դեկտեմբերի 5-ից` կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակցել են տարբեր մասնագիտությունների տեր անձինք` տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ, իրավաբաններ, ուսուցիչներ, այլք: Ավելի քան մեկ ամիս շարունակվող ակցիաների հետևանքով զգալիորեն խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Կենսաթոշակային օրենսդրության բարեփոխումների նախագիծը հունվարի 24-ին ներկայացվել է Ֆրանսիայի կառավարության նիստում: Փետրվարին փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Փարիզի այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակը կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ֆրանսիայի արհմիությունների գործադուլի պատճառով ևս մեկ անգամ փակվել էր դեկտեմբերի 5-ին: