«Զրոյական հետաքրքրվածություն». Լայզա Մինելլին հրաժարվել է դիտել աստղային մոր մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմը

11:17 • 06.02.20

ԱՄՆ հայտնի երգչուհի, դերասանուհի Լայզա Մինելլին մտադիր չի դիտել իր աստղային մայրիկի՝ հոլիվուդյան դերասանուհի Ջուդի Գարլենդի մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռենե Զելվեգերը: Այս մասին գրում է variety.com-ը՝ մանրամասնելով, որ ռեժիսոր Ռուպերտ Գուլդի ֆիլմը պատմում է Գարլենդի կյանքի վերջին ամիսների մասին:

Աղբյուրը գրում է, որ 73-ամյա Մինելլին «զրոյական հետաքրքրվածություն» ունի այս ֆիլմի նկատմամբ:

«Մտադիր չեմ դիտել այն, բայց հույս ունեմ, որ Զելվեգերը հաճույք է ստացել նկարահանումներից»,- կարճ մեկնաբանել է Մինելլին:

Հատկանշական է, որ ֆիլմը դիտելուց հրաժարվել է նաև Մինելլիի քույրը՝ Լորնա Լաֆթը:

Մեկնաբանելով քույրերի դիրքորոշումը՝ Գուլդը նշել է, որ հասկանում է նրանց:

«Անձամբ ես վստահ չեմ, որ կցանկանայի մորս մասին ֆիլմ դիտել: Եվ դա չի նշանակում, որ մորս չեմ սիրում. պատճառն այն է, որ դա խիստ անձնական հարաբերություններ են: Լիահույս եմ, որ եթե այնուամենայնիվ դիտեն այն, կզգան իրենց մոր նկատմամբ մեր սերն ու գովաբանումը»,-ասել է կինոռեժիսորը:

«Ջուդի» ֆիլմում սյուժեն կենտրոնացած է դերասանուհու՝ ալկոհոլից և դեղահաբերից ունեցած կախվածության, ինչպես նաև նախկին ամուսնու հետ երկու երեխաների խնամակալությունը ստանալու հարցի շուրջ պայքարի թեմաների վրա:

Նշենք, որ Ռենե Զելվեգերն այս դերի համար առաջադրվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: