Բանվորները Բեռլինում կոտրել են կանադացի հայտնի դաշնակահարուհու 194 000 դոլար արժողությամբ դաշնամուրը

02:11 • 12.02.20

Կանադացի հայտնի դաշնակահարուհի Անժելա Հյուիթը, որը համարվում է Բախի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկն աշխարհում, սգում է սիրելի երաժշտական գործիքի` դաշնամուրի կորուստը, որը տեղափոխելիս գցել են բանվորները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Դաշնամուրն արժե 194 000 դոլար, կշռում է 590 կիլոգրամ: Նշվում է, որ երաժշտական գործիքը կոտրվել է, իսկ կափարիչը երկու մասի է բաժանվել: Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի ստուդիաներից մեկում:

Աղբյուրը հայտնում է, որ կոտրված դաշնամուրն ուսումնասիրել է արտադրող ընկերության հիմնադիր Պաոլո Ֆազիոլին և ասել. «Այն վերականգնման ենթակա չէ»:

«Հուսով եմ, որ իմ սիրելի գործիքը երջանիկ կլինի դաշնամուրների համար նախատեսված դրախտում: Վերականգնելու հույսերը հավասար են զրոյի: Նա «մահացել է», իմ լավագույն ընկերն այլևս չկա»,- ասել է դաշնակահարուհին` հավելելով, որ տեղի ունեցածից սարսափած է և այդ մասին կարողացել է երկրպագուներին հայտնել միայն 10 օր անց:

 

Բանվորները Բեռլինում կոտրել են կանադացի հայտնի դաշնակահարուհու 194 000 դոլար արժողությամբ դաշնամուրը