Բրիտանացի նկարիչ Դևիդ Հոքնիի կտավը վաճառվել է մոտ 30 մլն դոլարով
Բրիտանացի նկարիչ Դևիդ Հոքնիի «Ճողփյուն» (The Splash) կտավը վաճառվել է Լոնդոնի Sotheby's աճուրդում: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով աճուրդի տան կայքը, արվեստի գործը վաճառվել է 23.1 մլն ֆունտ ստերլինգով (ավելի քան 29.9 մլն դոլար):
Հոքնին այս աշխատանքը հեղինակել է 1966-77 թվականներին Լոս Անջելեսում: Ընդհանուր առմամբ, նա երեք օրինակ է ստեղծել այդ կտավից: «Մեծ ճողփյունը» (The Bigger Splash) պահվում է լոնդոնյան Tate Gallery թանգարանում, իսկ «Փոքր ճողփյունը» (The Little Splash) պատկանում է մասնավոր հավաքորդին:
Ինքը՝ նկարիչը, նշել է, որ երկու շաբաթում նկարել է այն, ինչ երկու վայրկյան է տևում:
Հայտնի է, որ նկարը աճուրդի է հանել միլիարդատեր Ջոզեֆ Լաուն, որն այն 14 տարի առաջ ձեռք էր բերել 2.9 մլն ֆունտով:
Դևիդ Հոքնին ժամանակակից աշխարհի ամենաթանկարժեք նկարիչներից մեկն է: Երկու տարի առաջ նրա «Նկարչի դիմանկարը (լողավազան երկու կերպարներով)» ստեղծագործությունը վաճառվել է 90.3 մլն դոլարով:










