«Ալադդին» ֆիլմը նոր սյուժեով շարունակություն կունենա. Variety
Ռեժիսոր Գայ Ռիչիի «Ալադդին» ֆիլմը, որի հիմքում ընկած է Disney կինոստուդիայի համանուն մուլտֆիլմի սյուժեն, շարունակություն կունենա:
Ինչպես հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը, այժմ նախագիծը մշակման վաղ փուլում է գտնվում: Ֆիլմի շարունակության պրոդյուսերներն են լինելու Դեն Լինը և Ջոնաթան Այրիխը:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Գայ Ռիչինկրկին հանդես կգա՞ որպես ռեժիսոր, թե ոչ: Սցենարը նույնպես գրված չէ:
«Ալադդինի» ստեղծողները հույս ունեն, որ ֆիլմում կրկին կնկարահանվեն Ուիլ Սմիթը՝ Ջինի դերում, Մենա Մասսուդը՝ Ալադդինի դերում և Նաոմի Սքոթը՝ Ժասմինի դերում:
Աղբյուրի տվյալներով՝ ֆիլմի երկրորդ մասը կներկայանա ամբողջովին այլ սյուժեով, որն առնչություն չի ունենա անիմացիոն ֆիլմի շարունակության հետ: 1992-ին մուլտֆիլմի թողարկումից հետո Disney ևս երկու մաս է նկարահանել՝ «Ջաֆարի վերադարձը» և «Ալադդին 3. ավազակների արքան»:
Գայ Ռիչիի ֆիլմն էկրան է բարձրացել 2019-ին՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար եկամուտ գրանցելով համաշխարհային վարձույթում:










