Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ժամանակավորապես ազատ կարձակի 54 000 դատապարտյալի

11:35 • 04.03.20

Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին լրագրողներին հայտնել է, որ երկիրը պատուհասած կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես բանտերից ազատ արձակել 54 000 դատապարտյալի:

Ինչպես նշում է bbc.com-ը, կալանավորները նախքան ազատության մեջ հայտնվելը գրավ են վճարում, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ անցնում, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն:

Խոսնակը մանրամասնել է, որ ազատության մեջ են հայտնվել այն հանցագործները, որոնց պատժաչափը չի գերազանցում հինգ տարվա ժամկետը:

Իշխանությունները նման քայլի են դիմում երկրի գերծանրաբեռնված բանտերում վարակի տարածումը կանխելու նպատակով:

Հայտնի է, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով կա 77 զոհ: Հարյուրավոր ախտահարվածների շարքում են նաև երկրի խորհրդարանի տասնյակ անդամներ:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին, ինչը հունվարի 20-ից հետո ամենացածր թիվն է: Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեսայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:

12 երկրներ հայտնել են վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք: Կորոնավիրուս չի գրանցվել 122 երկրում:

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի օջախը Չինաստանի Ուհան քաղաքում է: