Պետք է գտնենք ճշմարտությանը հասնելու բանաձև, բայց պետք է դադարեցնեք բողոքի ակցիաները. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

10:52 • 08.03.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ին հյուրընկալ է զոհված զինծառայողների մայրերին: Փաշինյանն ասաց, որ իր համար շատ մեծ ցավ է, երբ տեսնում է, որ նրանք որոշակի պարբերականությամբ կառավարության կամ որևէ գերատեսչության առաջ բողոքի ակցիա են իրականացնում:

«Հայաստանի համար է դա մեծ ցավ և մեր ժողովրդի համար, դա մեծ խնդիր է, բայց այստեղ կա մի գլոբալ հարց, իսկ ինչով է ավարտվելու այս ամենը, որովհետև էստեղ շատ պարզ խնդիր կա դրված, պետք է ունենանք հանգուցալուծում: Դա առաջին հերթին ձեզ համար է ցավ, երկրորդ հերթին ցավ է ողջ ժողովրդի համար և մենք պետք է հասկանանք՝ չի կարող այսպես լինել: Լավ, ասենք՝ մեկ-երկու, տասը-քսան տարի անցնի, այսինքն՝ դուք անընդհատ գալու ե՞ք կառավարության շենքերի առաջ կանգնենք: Մեզ պետք է գտնենք հարցի լուծումը, մենք ինչ ենք անում միասին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը խնդիր է պետության, կառավարության, ԶՈՒ-ի, իրավապահ համակարգի համար: Նա ասաց, որ մայրերին հրավիրել է լուծման տարբերակներ առաջարկելու, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորված  բանաձևը չաշխատեց: Վարչապետն ասաց, որ պետք է նոր բանաձև գտնել, բայց պետք է պայմանավորվել, որ բոլորը պետք է ընդունեն ճշմարտությունը՝ անկախ նրանից թե ինչպիսին է այն:

«Մենք՝ բոլորս պետք է առերեսվենք այդ ճշմարտության հետ, ես այսօր հետևյալ խնդիրն եմ դնում, այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեցնենք ձեր ակցիաները՝ ոչ թե նրա համար, որ ուղղակի դադարեցնենք, այլ նրա արդյունքում, որ մենք պետք է համաձայնության գանք ճշմարտության հասնելու եղանակների շուրջ, եթե համաձայնության չգանք, բնականաբար դուք կշարունակեք», ասաց վարչապետը: