Մալայզիայում կարգավորել են 2014-ին ռադարներից անհետացած ինքնաթիռի զոհերի հարազատներին փոխհատուցելու հարցը

04:39 • 08.03.20

Մալայզիայի Տրանսպորտի նախարարությունը վերջապես կարգավորել է Կուալա Լումպուրից Պեկին МН370 չվերթով թռիչք իրականացրած Boeing 777-200 ինքնաթիռի անձնակազմի անդամների և ուղևորների հարազատներին փոխհատուցելու հարցը: Այս մասին շաբաթ հայտնել է գերատեսչության գլխավոր տնօրենը Malaysia Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի անհետացման 6-րդ տարվան նվիրված միջոցառմանը, գրում է ТАСС-ը:

«Մենք պատրաստել ենք զեկույց, որը մոտ շաբաթում վարչապետ Մուհիդդին Յասսինին կներկայացվի հաստատման համար»,- նրա խոսքերն է մեջբերում New Straits Times թերթը: Պաշտոնյան պարզաբանել է, որ  նաև նշված է փոխհատուցման չափը, որը համաձայնեցված է զոհերի հարազատների փաստաբանների հետ:

Նա չի նշել, թե ինչ չափի փոխհատուցման մասին է խոսքը: Ավելի վաղ հարազատների առանձին խմբեր 100 հազար դոլարից մինչև մի քանի միլիոնի հասնող գումարի պահանջով հայտարարություններ էին արել:

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200-ը, որն իրականացնում էր Կուալա Լումպուր-Պեկին չվերթը, ռադարների էկրանից անհետացել էր 2014 թվականի լույս մարտի 8-ին: Օդանավում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը: Ենթադրվում է, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում, սակայն այն այդպես էլ չի գտնվել: