Ուսումնական բոլոր հաստատություններում վաղը դասերը կվերսկսվեն. որևէ պատճառ չկա դրանք հետաձգելու համար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ գարնանային արձակուրդները չեն երկարաձգվի և մարտի 9-ից ուսումնական բոլոր հաստատություններում դասերը կվերսկսեն բնականոն հունով:
«Առողջապահության նախարարության հետ միասին հետևել ենք ընդհանուր համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ դիմելիության, շտապօգնության կանչերի, սուր-շնչառական վարակներով հիվանդանոցային բաժանմունքներ դիմելիության թիվը նվազում է և որևէ պատճառ չկա դասերը չվերսկսելու համար:
Կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի հետ կապված հիմնական պատճառներից մեկը լարվածությունն էր, որն այժմ չկա: Փառք Աստծո, նոր դեպքեր չեն գրանցվել: Համաճարակային վիճակը վերահսկվում է: Այնպես որ, ամեն ինչ հանգիստ է: Այսպիսով՝ վաղը ուսումնական բոլոր հաստատություններում՝ մանկապարտեզներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում դասերը կվերսկսեն:
Մեր երեխաների առողջական վիճակից կարևոր բան չկա, և մենք ուշադիր հետևում ենք, որ որևէ չնչին վտանգ լինելու դեպքում միջոցներ ձեռնարկենք: Բայց, կրկնում եմ, իրավիճակը հանգիստ է, և վաղը դասերը կվերսկսեն իրենց բնականոն հունով»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մարտի 2-ից 8-ը նշված հաստատությունները փակ են եղել: ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը, ներառյալ` տեղափոխվել են 2020թ. մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը, ներառյալ` տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:










