Էրդողանը մարտի 8-ի տոնակատարությունը կեղծավորություն է անվանել
Մարտի 8-ի տոնակատարությունը ողջ աշխարհում, որն ընկղմված է մեղքերի մեջ, կեղծավորություն է: Ինչպես փոխանցում է life.ru-ն, նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կանայք՝ Թուրքիայի հերոսներ» թեմայով համաժողովի ժամանակ:
Էրդողանը շնորհավորել է իր երկրի և ողջ աշխարհի կանանց տոնի առթիվ և հիշեցրել, որ Սիրիայում մոտ մեկ միլիոն զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Նրա խոսքով՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքին:
«Հարյուր հազար փախստականներ, որոնք մոտեցել են Եվրոպայի հետ սահմանին, ծեծի են ենթարկվում, նրանց կրակում են, նրանց առաջ պարիսպներ են կանգնեցնում, և մենք չենք լսել, որ ինչ-որ մեկը վրդովմունք հայտնի այդ առթիվ: Մարտի 8-ի տոնակատարությունը ողջ աշխարհում, որի խիղճն ընկղմված է մեղքերի և մարդկության դեմ հանցագործությունների մեջ, կեղծավորություն է»,- Էրդողանի խոսքը մեջբերում է թուրքական հեռուստաալիքը:










