Հնդկաստանի վարչապետը սոցիալական ցանցերի իր օգտահաշիվները մեկ օրով տրամադրել է կանանց

13:09 • 08.03.20

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կանանց միջազգային օրվա առթիվ սոցցանցերում իր օգտահաշիվները մեկ օրով փոխանցել է «Նարի Շակտի» մրցանակի դափնեկիր 7 կանանց: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Նարի Շակտի Պուրասկար»-ը թարգմանաբար նշանակում է «Կանացի ուժի մրցանակ» և համարվում է Հնդկաստանի կանանց ձեռքբերումների և ներդրումների համար տրվող բարձրագույն քաղաքացիական մրցանակը: Մրցանակները տրվում են ամեն տարի մարտի 8-ին Նյու Դելիում՝ Հնդկաստանի նախագահի կողմից:

«Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մենք ողջունում ենք մեր «Նարի Շակտիի» ոգին ու ձեռքբերումները: Ինչպես ես ասել էի մի քանի օր առաջ՝ ես դուրս եմ գալիս: Օրվա ընթացքում 7 կանայք, որոնք հաջողությունների են հասել, կկիսվեն իրենց կյանքի ճանապարհորդություններով, և հնարավոր է, շփվեն ձեզ հետ իմ օգտահաշիվներով»,-գրել է Մոդին Twitter-ի իր էջում:

Հնդկաստանի վարչապետն օգտահաշիվներ ունի Facebook, Twitter, Instagram և youtube սոցկայքերում: Մոդիի օգտահաշիվներն ամենահայտնիներից են աշխարհի քաղաքական գործիչների մեջ, Twitter-ում նա ունի 53,3 միլիոն հետևորդ, Facebook-ում` 44 միլիոն, Instagram-ում 35,2 միլիոն:

«Կանանց այս օրը սոցցանցերի իմ օգտահաշիվները ես կտամ կանանց, որոնց կյանքն ու աշխատանքը ոգևորում են մեզ: Դա նրանց կօգնի ընդլայնել միլիոնավոր մարդկանց մոտիվացիան»,-ավելացրել է Մոդին:

Վարչապետի Twitter-յան էջում առաջին գրառումը կատարել է Food Bank India կազմակերպության հիմնադիր Սնեհա Մոհանդոսսը, նրանից հետո էլ գրառում է կատարել դոկտոր Մալվիկա Այերը, ով հաշմանդամների իրավունքների պաշտպան է և ռումբի պայթյունի հետևանքով կորցրել է ձեռնաթաթերը: