Իտալիայի հյուսիսում սահմանափակումներ են մտցրել կորոնավիրուսի պատճառով

13:39 • 08.03.20

Մարտի 7-ի գիշերը Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակումներ է մտցնում Լոմբարդիայի և 14 պրովինցիաների տարածքում մուտքի և ելքի, ինչպես նաև այս շրջաններում տեղաշարժվելու կանոններում: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը` հղում անելով Իտալիայի կառավարությանը:

Հրամանագիրը վերաբերում է Էմիլիա-Ռոմանիա, Մարկե, Պյեմոնտ, Վենետո(ներառյալ Վենետիկը) շրջանների մեջ ներառված պրովինցիաներին, որոնք կազմում են Հյուսիսային Իտալիայի զգալի մասը, մի մասն էլ գտնվում է Կենտրոնական Իտալիայում:

Նշված վայրերից մուտքն ու ելքը հնարավոր կլինի միայն բացառիկ դեպքերում, օրինակ` բժշկական ցուցումով:

Սահմանափակումները կվերաբերվեն նաև մի շարք կառույցների. փակ կլինեն թանգարանները, պատկերասրահները և մշակութային միջոցառումներ անցկացնող այլ կառույցները:

Իտալական իշխանությունների վերջին տվյալների համաձայն, Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1200-ով, հասնելով`5800-ի, վարակվածներից 223-ը մահացել է:

Հիշեցնենք, որ այս մասին Իտալիայում ՀՀ դեսպանությունը ևս հայտարարություն էր տարածել:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։