Մոլդովայի նախագահը դադարեցրել է այցը Ռուսաստան՝ երկրում կորոնավիրուսով վարակվածության դեպքի պատճառով
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մարտի 7-ին տեղեկացրել է, որ ինքը որոշել է դադարեցնել աշխատանքային այցը Ռուսաստան և վերադառնալ հայրենիք, քանի որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Մոլդովայի առողջապահության նախարարությունը երկրում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին տեղեկացրել է մարտի 6-ի երեկոյան: Կորոնավիրուսով վարակվածը կին է, որը վերադարձել է Իտալիայից: Դոդոնն այս մասին իմացել է Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ: Մոլդովայի նախագահը Ռուսաստան էր եկել մարտի 6-ին:
«Ցավոք կորոնավիրուսի համաշխարհային վտանգը չշրջանցեց մեր երկիրը: Ես որոշում եմ ընդունել ընդհատել իմ աշխատանքային այցը Մոսկվա և վերադառնալ Մոլդովա, որպեսզի ամբողջապես մասնակցեմ այս իրավիճակի հաղթահարմանն ուղղված իշխանությունների գործողություններին: Մեր իշխանությունները պատրաստ էին այս մարտահրավերին, մենք մշտական կապի մեջ ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ երկրների իշխանությունների հետ` որպեսզի կենտրոնացնենք կատարվելիք քայլերը: Դիմում եմ սփյուռքի մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ տարածված է կորոնավիրուսը. մինչ Մոլդովա ուղևորվելը համոզվեք, որ դուք վարակակիր չեք»,-հայտարարել է Դոդոնը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։










