Նիդերլանդներում երկար որոնումներից հետո գտել են Ինդոնեզական արքայազնի դաշույնը (լուսանկար)

11:48 • 08.03.20

 

Նիդերլանդներում գտել և Ջակարտային են վերադարձրել ինդոնեզական արքայազն Դիպոնեգորոյի դաշույնը 45 տարի անց այն բանից հետո, երբ խոստացել էին դա անել: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Պատմական դաշույնի փախանցման արարողությունը տեղի է ունեցել Հաագայում Ինդոնեզիայի դեսպանատանը, որին ներկա են եղել Նիդերլանդներում Ինդոնեզիայի դեսպանը, Նիդերլանդների մշակույթի նախարարը և Լեյդենի հնագիտության թանգարանի տնօրենը: Հենց վերջինիս հավաքածուի մեջ էլ երկար ժամանակ Փնտրում էին դաշույնը:

«Դաշույնը շատ կարևոր է Ինդոնեզիայի համար: Դիպոնեգորոն մեր ազգային հերոսն է: Արքայազնի այս դաշույնն ընդգծում էր նրա կարգավիճակը»,-հայտարարել է ինդոնեզական դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Ֆերիմ Իսվանդին:

Նիդերլանդների նախկին գաղութի «ապստամբ արքայազնը» իր այս զենքը հանձնել է նվաճողներին 1830թ.` Հոլանդական կայսրության դեմ 5 տարվա պայքարից հետո:

Նիդերլանդները Ինդոնեզիայի անկախությունը ճանաչել է 1949թ.: Դաշույնը հերոսի անձնական իրերի ցուցակում էր, և այդ իրերի վերադարձի մասին համաձայնություն էր ստորագրվել 1975թ.: Սակայն այդ ժամանակ Ջակարտային փոխանցվեցին միայն աթոռը, նիզակն ու արարողակարգային հովանոցը:

Դաշույնն արդեն կարելի է տեսնել Ջակարտայի ազգային թանգարանի ցուցադրությունում:

 

A drawing of the Javanese prince Diponegoro