Քաղաքացիները հնարավորություն ունեցան տեսնելու նոր կառավարության արժեհամակարգը. Ռուստամ Բադասյանը՝ մետրոյում տեղի ունեցած միջադեպի մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին անդրադարձավ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին, նախ ասաց, որ այն կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարի հերթական միջոցն է:
«Օրենքով, բավականին պատշաճ մակարդակով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը։ Եթե անձը ինչ-որ շրջանում ձեռք է բերել գույք՝ չիմանալով, որ դա կոռուպցիոն գործարքով է ձեռք բերվել սկզբնական վաճառողից, վերջինից այդ գույքը չի կարող բռնագանձվել»,-ասաց նա և նշեց, որ օրենքի գլուխներից մեկը կապված է գույքի կառավարման հետ խնդիրներին, իհարկե, մենք Հայաստանում արդեն ունենք գործող օրենսդրություն և իրավապահ համապատասխան մարմինը դրանով զբաղվում է: Ըստ նրա ուսումնասիրության վերջնական ժամկետը կլինի 10 տարի։
Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ ստացել է այնքան պարգևավճար, որքան որ նախատեսված է մյուս նախարարների համար` միասնական մոտեցմամբ: «Ավելի գումար չեմ ստացել: Երբ հայտարարագիրը հրապարակվի, բոլոր տվյալները կլինեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մետրոյում վարչապետի կողմից «Այո»-ի քարոզարշավի ժամանակ երիտասարդ կնոջ բուկլետը պատռելուն և նետելուն՝ Ռուստամ Բադասյանն ասաց. «Կարծում եմ, որ վարչապետն այդ միջադեպին լավագույն գնահատականը տվել է և մեր քաղաքացիները հնարավորություն ունեցան տեսնելու նոր կառավարության արժեհամակարգը, թե ինչպես վերաբերել նմանատիպ ակցիաներին»:
Իսկ, մասնավորապես այդ կնոջ անձնական տվյալները կայքերում հայտնի դառնալուն, նախարարն ասաց, որ, ընդհանուր առմամբ անձնական տվյալների պահպանումը խնդիր է և դա որոշ դեպքերում կարող է լինել քրեորեն պատժելի:
Արդարադատության նախարարը նշեց, որ առհասարակ պաշտոնատար անձինք ավելի լայն քննադատության օբյեկտ պետք է լինեն, սակայն ասվածը չի վերաբերում վիրավորանքին, և զրպարտությանը:
Անդրադառնալով վեթինգին՝ Ռուստամ Բադասյանին ասաց, որ խոսվել է պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներ դնելու մասին, որը տարբեր երկրներում, տարբեր կերպ են անվանում: «Երբ խոսում ենք վեթինգի տարատեսակի մասին, անպայման է օրենքի անունը լինի՞ վեթինգի մասին օրենք: Տարբեր մեխանիզմներ կան, Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվեց և այնտեղ բարեվարքության ստուգման որոշ մեխանիզմների մասին է խոսվում»,-ասաց նա:










