«Կարո՞ղ է ինձ գործից ազատել են, չգիտեմ». Սմբատ Գոգյանը՝ ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու մասին

18:20 • 09.03.20

Hraparak.am-ը գրում է, որ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից։ Ըստ լրատվամիջոցի՝ պատճառը նախարար Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խնդիրներն են:

Սմբատ Գոգյանը Tert.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր աշխատանքից ազատման մասին լուրերը, ասաց. «Մոտակա օրերի վերաբերյալ նման խոսակցություն չկա: Կարո՞ղ է գործից ազատել են, չգիտեմ»:

Հարցին, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հարաբերությունները լարված են, ԲՈԿ նախագահը պատասխանեց. «Երեկ իմ տղան է ծնվել, եկեք չփչացնենք էլի գործի հետ կապված: Մի ուրիշ օր»:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ Սմբատ Գոգյանի կողմից աշխատանքից ազատվելու դիմում այս պահին չի ներկայացվել. «Այդ լուրը իրականությանը չի համապատասխանում»,- ասացին նախարարությունից:

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018թ. հունիսի 12-ին: