«Մենք ցանկանում ենք հավասարություն, ոչ թե շնորհավորանքներ կամ տոնակատարություններ». Գրետա Թունբերգը՝ Մարտի 8-ի վերաբերյալ

12:56 • 09.03.20

17-ամյա շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը վստահություն է հայտնել, որ «առանց գենդերային հավասարության անհնար է հասնել կլիմայական արդարության»: Համապատասխան հայտարարությունը Թունբերգն արել է Twitter-ում:

«Այսօր Կանանց միջազգային օրն է, և մենք գիտենք, որ այսօրվա հասարակության մեջ կանայք դեռ շատ հեռու են տղամարդկանց հավասար լինելուց: Այսօր, ինչպես միշտ, մենք ցանկանում ենք հավասարություն, ոչ թե շնորհավորանքներ կամ տոնակատարություններ»,- նշել է ակտիվիստուհին:

Ամբողջ աշխարհում Մարտի 8-ի կապակցությամբ տեղի են ունենեցել խտրականության, ընտանեկան բռնության և սեքսիզմի դեմ ցույցեր: Առանձնահատուկ կոչով հանդես են եկել Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրների՝ Նորվեգիայի, Իսլանդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետերը: Այդ երկրների կառավարությունները, բացառությամբ Շվեդիայի, գլխավորում են կանայք:

Հիշեցնենք, որ 17-ամյա Գրետա Թունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և վերահաս էկոլոգիական աղետը հաստատող գիտական փաստերն արհամարհելու համար: