«Նրանք մեռած էին, երբ ես մտա քաղաքականություն, և այդպես էլ մեռած կմնան, երբ ես հեռանամ, այսինքն՝ հինգ տարի անց». Թրամփը The New York Times-ին «մեռած» պարբերական է անվանել

10:27 • 09.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին «մեռած» պարբերական է անվանել: Համապատասխան գրառումը Սպիտակ տան ղեկավարն արել է Twitter-ում:

«The New York Times-ը լրագրության խայտառակությունն է: Նրանք մեռած էին, երբ ես մտա քաղաքականություն, և այդպես էլ մեռած կմնան, երբ ես հեռանամ, այսինքն՝ հինգ տարի անց: Կեղծ լուրերը ժողովրդի թշնամին են»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայց է ներկայացրել The New York Times թերթի դեմ՝ վերջինիս մեղադրելով զրպարտության համար: 

Գործող նախագահի ներկայացուցիչները կարծում են, որ թերթը միտումնավոր կեղծ տեղեկություններ է հրապարակել 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ միջամտության մասին:

Հայցում ասվում է, որ պարբերականը տեղյակ է իր նյութերում ներկայացված տեղեկությունների կեղծ լինելու մասին, սակայն հրապարակել է Թրամփի նախընտրական արշավին վնաս հասցնելու դիտավորությամբ՝ մոլորեցնելով իր ընթերցողին:

Խոսքը The Real Trump-Russia Quid Pro Quo նյութի մասին է, որը հրապարակվել է 2019 թվականի մարտի 27-ին:

Նյութում հոդվածի հեղինակը, մասնավորապես, պնդում է, որ 2016 թվականի հունիսին Թրամփի շտաբից և ՌԴ-ից որոշ ներկայացուցիչներ Trump Tower-ում կայացած հանդիպման ժամանակ «համապարփակ գործարք» են կնքել՝ պատժամիջոցների վերացում՝ ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության դիմաց:

Օրեր առաջ ամերիկյան The Washington Post և The New York Times թերթերի խմբագրությունները հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակ էին ստացել 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին ռուսական միջամտության մասին նյութերի շարքի համար: