Ֆրանսիայում կեղծ ոստիկանները չինացիներին 150 եվրոյով տուգանել են դիմակ կրելու համար
Ֆրանսիայում կեղծ ոստիկանները չինացի ուսանողներին տուգանել են 150 եվրոյով՝ հասարակական վայրերում բժշկական դիմակ կրելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Փարիզում Չինաստանի դեսպանատանը:
«Վերջին օրերին չինացի ուսանողները սոցիալական ցանցերում տեղեկացրել են, որ «ոստիկանները» իրենց 150 եվրոյով են տուգանել (շուրջ 171 դոլար) հասարակական վայրերում բժշկական դիմակ կրելու և այդպիսով՝ դեմքը փակել արգելող օրենքը խախտելու համար: Ստուգումներից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ այդ մարդիկ ձևացրել են, թե իրենք ոստիկան են, իսկ ինչ վերաբերում է բժշկական դիմակներ կրելուն, ապա դա չի հակասում օրենքին»,-ասված է դեսպանատան հայտարարությոունում:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։










