Օրենսդրական փաթեթ է մշակվել, որով կանոնակարգվել է ձկնորսությունը. սիգի վաճառքն արդեն օրինական թույլտվությամբ է լինելու․ Էրիկ Գրիգորյան (տեսանյութ)
Խնդիրն արդեն քրոնիկ է։ Օրենսդրական փաթեթ է մշակվել, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` ներկայացնելով սիգ ձկնատեսակի ապօրինի որսի և վաճառքի խնդիրները։
«Հիմա հրամանը կմշակվի, և մենք օրինական ձկների որս ենք թույլ տալու, որին զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիաներ կիրառվեն»,- ասաց նա։
Նախարարը հույս հայտնեց, որ այս փոփոխությունները հենց այս տարում կլուծեն բոլոր առաջացած խնդիրները, ինչպես նաև սիգ ձկնատեսակի վերաբերյալ խնդիրները։ «Եթե տեսնեք, որ սիգ է վաճառվում, ապա դա օրինական թույլտվությամբ է լինելու, իհարկե ավելի թանկ, դա բնական է»։
Հարցին, թե արդյոք տեսուչներն այս հարցով զբաղվում են և քանի տուգանք է գրվել այս ընթացքում, նախարարը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ տուգանքներ արձանագրելու վերաբերյալ քայլեր են իրականացվում։
««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից, իհարկե, գոհ չեմ, բայց կան սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ, որոնց լուծումը գտել ենք՝ այդ մեծ փափեթը պատրաստելով»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե արդյոք այս ամենից հետո աշխատանքային ժամերին գոնե բավարար կաշխատեն, Գրիգորյանը պատասխանեց, որ չաշխատողները, որոնք կապ ունեն ապօրինի ձկնորսություն իրականացնողների հետ, պարբերաբար և քրեական պատասխանատվության են ենթարկվում և հեռացվում են աշխատանքից։










