Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը, Եվրախորհրդարանը ևս կրճատում է աշխատանքային շաբաթը
Իտալիայում մինչև ապրիլի 3-ը կդադարեցվեն «բոլոր մակարդակներում» անցկացվելիք բոլոր մարզական միջոցառումները: CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի նման որոշում է կայացրել երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն:
Որոշումն ընդունվել է կոմիտեի նախագահ Ջիովանի Մալագոյի և թիմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը չի տարածվում միջազգային մրցաշարերի վրա, որոնց մասնակցում են ակումբներն ու ազգային հավաքականները, քանի որ նման մրցումները կոմիտեի իրավասության տակ չեն գտնվում:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը կրճատել է իր լիագումար նիստն այս շաբաթ: Խորհրդարանը Բրյուսելում կաշխատի միայն այսօր և վաղը և այս շաբաթ որևէ քվեարկություն չի անցկացնի: Երկու որոշումներն էլ ընդունվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Covid-19 կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել 104 երկրներում, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 109 343 մարդ: Հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 3877 մարդ, ապաքինվել է ավելի քան 62 000-ը:










