Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի նկատմամբ 5 կոպեկանոց հայց է ներկայացրել
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 5 ղուրուշի (թուրքական մետաղադրամ) պահանջով դատական հայց է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է cumhuriyet.com.tr կայքը:
Քըլըչդարօղլուի փաստաբանը Ջելալ Չելիքը տեղեկացրել է, որ դատական հայցի համար հիմք են հանդիսացել Քըլըչդարօղլուի վարկաբեկմանը ուղղված Էրդողանի արտահայտությունները. Էրդողանը Քըլըչդարօղլուին անվանել էր «անամոթ, անպատիվ, ստոր և դավաճան»:
Արտահայտության դիմաց հայց ներկայացնող կողմը պահանջում է խորհրդանշական 5 ղուրուշ փոխհատուցում:
Էրդողանի վիրավորական խոսքերին արձագանքել էր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը, որը խորհրդարանի ամբիոնից նույն բառերով բնութագրել է Էրդողանին, ինչը խորհրդարանում ծեծկռտուքի պատճառ էր դարձել:










