Լոռու մարզպետարանի դեմ հայց է ներկայացվել․ աշխատանքից ազատված անձը դատարան է դիմել խախտված իրավունքները վերականգնելու համար
Tert.am-ը տեղեկացել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի դեմ ներկայացված հայց կա, որի հիմքում ընկած է հայցվոր Հասմիկ Մկրտչյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը անվավեր ճանաչելու և որպես հետևանք նախկին աշխատանքում վերականգնելու և որպես հերթական իրավական հետևանք՝ պատասխանողից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու մասին պահանջները։
Հայցվոր Հասմիկ Մկրտչյանի փաստաբան Նաիրա Բարսեղյանը Tert.am-ի հետ զրուցում ասաց, որ ոչ իրավաչափ, անհատական իրավական ակտ է կայացվել, և դատարան են դիմել, որպեսզի վերականգնվի խախտված իրավունքները։
«Որոշումն անվավեր ճանաչելուց հետո պահանջելու ենք, որ վերականգնվի Հասմիկ Մկրտչյանի նախկին աշխատանքը, ինչպես նաև վճարվի պարապուրդի գումար»,- ասաց նա և ներկայացրեց, որ գործընթացը դեռ նախնական փուլում է։
«Դեռևս չկա վարույթ ընդունելու մասին որոշում, որովհետև դեռ դատարանը ժամանակ ունի որոշում կայացնելու։ Մենք սպասում ենք, կտեսնենք ինչ կլինի, դեռ ժամանակ ունենք»,- ասաց նա։
Փաստաբանը ներկայացրեց, որ հայցը կոնկրետ մարզպետարանի դեմ է, քանի որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես է գալիս ի պաշտոնե, և մարզպետարանն է պատասխանատվություն կրում մարզպետի կայացրած բոլոր որոշումների համար։










