Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է գրանցվել

16:57 • 09.03.20

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման 3 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Համաճարակաբանական հետազոտությունների համաձայն՝ բոլոր հիվանդները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են վարակաբանական բաժանմունքներում: Հստակեցվել է այն մարդկանց ցուցակը, որոնց հետ վարակվածները շփում են ունեցել:

Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 20-ի (Երկուսը Չինաստանի քաղաքացիներ են, 17-ը ռուսաստանցիներ, մեկն էլ իտալացի):

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։