Հունաստանում Օլիմպիական կրակի վառման արարողությունը տեղի կունենա առանց հանդիսատեսի
Մարտի 12-ին Հունաստանում Oլիմպիական կրակի վառման արարողությունը 35 տարվա մեջ առաջին անգամ տեղի կունենա առանց հանդիսատեսի, գրում է Reuters գործակալություն` մանրամասնելով, որ որոշումը կապված է կորոնավիրուսի տարածման հետ:
Օլիմպիայում տեղի ունենալիք միջոցառմանը մասնակցելու են Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները և Տոկիոյի խաղերի կազմակերպիչ կոմիտեի անդամները: Միջոցառումը անցնելու է մամուլի համար փակ ռեժիմով:
Ներկայում Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 դեպք, 9 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։










