Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է զենքի պահանջարկը. Հայաստանը սպառազինման մեծ մասը է ձեռք բերում ՌԴ-ից, Ադրբեջանը՝ Իսրայելից. SIPRI

22:03 • 09.03.20

Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր տվյալների համաձայն՝ 2015-2019թթ. Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է սպառազինման պահանջարկը:

Ինչպես նշում են SIPRI-ի մասնագետները, Հայաստանն ու Ադրբեջանը հատկապես մեծացրել են հրթիռների ձեռքբերման ծավալները: «Վերջին 5 տարում Հայաստանն իր սպառազինման բոլոր գնումները կատարել է Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն իր զենքի 60 տոկոսը գնում է Իսրայելից, 31 տոկոսը՝ Ռուսաստանից»,- ասվում է զեկույցում:

Նշվում է նաև, որ այս տարիներին նախորդ հինգ տարվա համեմատ 48 տոկոսով նվազել է զենքի ներկրումը Թուրքիայում:   

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էին դարձել աշխարհի զենք արտահանող խոշորագույն երկրները: Զենքի արտահանման մասշտաբներով երկրների առաջատար հնգյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: