Իրավապահ մարմիններն առանց անհրաժեշտության չէին կարող որևէ անձի, առավել ևս երեխայի սթրեսի ենթարկել. «Իմ քայլի»-ի պատգմավորները՝ «Վստրեչի Ապերի» տան խուզարկության մասին (տեսանյութ)
Ինձ թվում է, որ պետությունը և պետական ինստիտուտները շոուներով առհասարակ չեն զբաղվում, և ենթադրում եմ ՝ համաչափ համապատասխան ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տանն իրավապահների իրականացրած գործողությանը, որի հետևանքով 5 տարեկան երեխա է տուժել:
Գրիգորյանն ասաց, որ երեխայի տուժելու մասով հարցը պիտի իրավապահ մարմիններից ստանալ:
«Դժվար թե իրավապահները ցանկություն ունենային միտումնավոր որևէ մեկին սթրեսի ենթարկել: Ես համապատասխան մանրամասների չեմ տիրապետում, բայց հեռու եմ այն մտքից, որ մեր իրավապահ մարմիններում կան մարդիկ, որոնք միտումնավոր կամ առանց անհրաժեշտության կարող են ցանկություն ունենալ որևէ անձի, առավել ևս երեխայի սթրեսի ենթարկել, ուրիշ բան, որ որոշ գործողություններ կատարելուց, եթե տանը կա երեխա, կարող է դա անխուսափելի լինել: Ես չեմ ասում՝ այս անգամ դա եղել է, ես չգիտեմ էլ Ձեր ասածը իրականությանը համապատասխանում է, թե ոչ, ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց, այո, կարող են որոշակի իրավիճակներ լինել, որ եթե անձին բերման են ենթարկում, տանը կա երեխա, կին կամ ընտանիքի այլ անդամ, դա հաճելի պրոցես չէ, բայց դա չի նշանակում, որ անօրինական գործողություններ պիտի կատարվեն», - մանրամասնեց նա:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ, օրինակ՝ իրեն հետաքրքիր է, թե որտեղից «Վստրեչի Ապերին» միլիոնավոր դոլարների կարողություն:
Մանրամասները՝ տեսանյութում:










