ՌԴ-ում հատուկջոկատայինները թմրանյութի արտադրության ընդհատակյա լաբորատորիա են բացահայտել (տեսանյութ)

23:04 • 10.03.20

ՌԴ հատուկջոկատայինները թմրանյութերի ընդհատակյա լաբորատորիա են բացահայտել Տոմսկ քաղաքում։ Lenta.ru–ի փոխանցմամբ՝ դեպքի վայրից համապատասխան կադրեր է հրապարակել ՌԴ ՆԳՆ–ն։

Հրապարակված տեսանյութում ցուցադրվում է լաբորատորիայի վերածված տարածքը, որտեղ տեղադրված են մի քանի շշեր, հեղուկ պարունակող ապակյա անոթներ, ինչպես նաև սպիտակ փոշու պարկեր։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, թմրանյութերի անօրինական արտադրության կասկածանքով ձերբակալվել է տեղի 34-ամյա բնակիչը։  

Խուզարկության ժամանակ լաբորատորիայում հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 3 կգ պատրաստի մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաև քիմիական նյութեր, մոտ 10 կգ թմրամիջոցային նյութեր՝ բյուրեղացված տեսքով։  Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։