Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

09:20 • 11.03.20

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսի մոտ ախտորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս, ինչը մտահոգություն է առաջացրել երկրի իշխանությունների մոտ: Պատճառն այն է, որ տարբեր միջոցառումների մասնակցած նախարարը կարող է նպաստել վարակի տարածմանը, գրում է BBC-ն:

Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը հաստատել է ախտահարման լուրը՝ հավելելով, որ հայտնի չէ՝ ինչպես և ումից է վարակվել Դորիսը:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդության առաջին ախտանշանները պաշտոնյայի մոտ ի հայտ են եկել անցյալ շաբաթ՝ այն օրը, երբ նա Դաունինգ սթրիթում մասնակցել է Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա հարսնացուն:

Հաղորդվում է, որ Նադին Դորիսը ուրբաթ օրվանից գտնվում էր ինքնամեկուսացման վիճակում:

Նախարարության կողմից հրապարակված հայտարարությունում Դորիսն ասել է.«Ես կարող եմ հաստատել, որ կորոնավիրուսի թեստը դրական  պատասխան է ցույց տվել: Երբ ինձ տեղեկացրել են այդ մասին, ձեռնարկել եմ բոլոր կանխարգելիչ միջոցները և ինքնամեկուսացվել իմ տանը»:

Դորիսը նաև հայտնել է, որ նախարարությունը սկսել է հետևել վերջին օրերին իր հետ շփում ունեցած անձանց առողջական վիճակին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 382 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի:

Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը: