Ամուլսարի շահագործմանն աջակցողների թվում Սյունիքի մարզի Գորայք համայնքի նախկին համայնքապետն է, ով աշխատանքից ազատվել է բնակիչների ստորագրահավաքով և այժմ քրգործով մեղադրյալ է

16:38 • 11.03.20

Երեկ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները ասուլիս էին հրավիրել՝ պնդելով, որ իրենց իրավունքը խախտված է, աշխատավարձի փոխհատուցում են պահանջում, քանի որ երկու տարի է՝ խնդիրները չեն լուծվում։

Ամուլսարի հանքի շահագործումը պահանջում է նաև Սյունիքի մարզի Գորայք համայնքի նախկին համայքապետ Առուստամ Առուստամյանը, որը  2019 թվականից մարտի 1-ից  դադարեցրել է համայնքի ղեկավարի լիազորությունները՝ բնակիչների ստորագրահավաքի հիման վրա։ Բացի այդ, նա  մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ և  նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 308-րդ հոդվածով։

Tert.am-ը զրուցել է Առուստամ Առուստամյանի հետ և փորձել պարզել, թե ինչպես է նա ընդգրկվել ասուլիս իրականացնողների շարքում, և այն  մասին, որ գրառումներ կան առ այն, որ համայնքի խնդիրների մասին իր կողմից խոսելը ճիշտ չէ, որովհետև նրան պաշտոնից ազատել են բնակիչների ստորագրահավաքի հիման վրա։

Առուստամյանը պատասխանեց, որ ասուլիս անցկացնողների խումբը ձևավորվել է բոլոր համայնքների հետ խորհրդակցելու արդյունքում։ «Բոլոր գյուղերի բնակիչները, որոնք կողմ են Ամուլսարի շահագործմանը և նոր աշխատատեղեր ստեղծվելուն, պայմանավորվել են, թե ովքեր պետք է խնդիրները ներկայացնեն։ Գյուղից կարող էր ցանկացած մեկը լիներ, ուղղակի ես էի Երևանում, հարմար էր, դրա համար ես մասնակցեցի»։

Պատասխանելով բնակիչների ստորագրահավաքի հիման վրա աշխատանքից ազատվելու վերաբերյալ հարցին՝ նախկին համայնքապետը հերքեց խոսակցությունները և ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Ստորագրահավաքով ինձ չեն հեռացրել, ես իմ ցանկությամբ եմ հրաժարական ներկայացրել»։

Դիտարկմանը, թե ըստ Ոստիկանության նախապատրաստած նյութերի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորայքի նախկին համայնքապետարանը չարաշահումներ և ապօրինություններ է թույլ տվել, Առուստամյանը պատասխանեց, որ գործը դեռ ընթացքի մեջ է:

Նշենք, որ ըստ Առուստամ Առուստամյանի դեմ հարուցված քրեական գործի քննության՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձակալական հիմունքներով տրամադրվել են Սիսիան քաղաքի մի բնակչի և այդ հողամասերի վերաբերյալ կազմված մրցութային հանձնաժողովի արձանագրություններում բացակայում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները, ինչպես նաև 2015 թվականի սեպտեմբերի 10-ին Գորայք համայնքի ավագանու նիստ չի հրավիրվել  և  համապատասխան որոշում չի կայացվել։

Առուստամյանը պնդեց, որ բնակիչներն իր հետ խնդիր չեն ունեցել, պարզապես ներկայիս իշխանության մոտ քսան ներկայացուցիչ խնդիրը բարձրաձայնել է, և նա տեսնելով, որ համայնքի շահերն են տուժում, համայնքի ավագանու հետ միասին հրաժարական է ներկայացրել։ «Ես առանց դադարի աշխատել եմ, ճանաչողները ճանաչում են, վարկաբեկողները՝ վարկաբեկում․ ամեն ինչ կընկնի իր տեղը, բոլորը կիմանան՝ ով ով էր»։

Վերադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին, Առուստամյանը նշեց, որ նա միևնույն է՝ կողմ է շահագործմանը և համայնքում ևս չկա մարդ, որը համաձայն չլինի հանքի շահագործման հետ։ «Իմ մասնագիտական հարցը չէ, բայց կրկնում եմ՝ ինչ պահանջ, որ ներկայացվել է, բոլորն էլ մասնագիտորեն ապացուցված է և պարզ է, որ հանքի շահագործումը վտանգներ չունի»։

Հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ հանքի շահագործումը վնասներ չունի՝ Առուստամյանը նշեց, որ ժողովրդավարությունից ելնելով է, որ ցուցարարներին տարածքից չի հեռացնում, բայց նրա կարծիքով՝ վարչապետը պետք է ցուցարարներին հասկացնի, որ շրջափակումը ապօրինի է, և աշխատանք չունենալու պատճառով բնակիչները կարող են համայնքը լքել։