Կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգապետ Չառլի Բեյքերը:
«Այսօր ես Մասաչուսեթսում հայտարարում եմ արտակարգ դրություն: Դա մեզ ճկունություն կտա այդ բռնկմանն արձագանքելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Բեյքերը:
Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել ԱՄՆ Նյու Յորք, Կալիֆոռնիա, Վաշինգտոն, Ֆլորիդա, Յուտա, Մերիլենդ, Կենտուկի նահանգներում: Դա մասնավորապես արվում է արտակարգ կարիքների համար ֆինանսների բաշխման և գործողությունների ազատություն ունենալու համար:
Վերջին տվյալներով՝ երկրում COVID-19-ով վարակումների թիվը գերազանցում է 600-ը, իսկ 25 մարդ արդեն մահացել է:










