Ավելի քան 100 մլն դոլար. Լոնդոնում կալանել են Նուրսուլթան Նազարբաևի դստեր և թոռան շքեղ առանձնատներն ու բնակարանը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են այն սեփականատերերի անունները, որոնց պատկանող շքեղ անշարժ գույքն անցած տարի կալանքի տակ էր առնվել որպես «չհիմնավորված հարստություն»:
Պարզվում է՝ ավելի քան 100 մլն դոլարով Լոնդոնում ձեռքբերված երկու առանձնատան և բնակարանի սեփականատերերն են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, վերջինիս ավագ որդին` Նուրալի Ալիևը, և իր կին՝ Աիդան: Այս մասին գրում է BBC-ն` հղում անելով Transparency International-ին և Finance Uncovered-ին:
Սեփականատերերը ունեցվածքը գնել էին ավելի քան 100 մլն դոլարով, սակայն անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը կարող է շատ ավելի բարձր լինել:
Լոնդոնի գերագույն դատարանի դատավորը որոշում է ընդունել հրապարակել սեփականատերերի ինքնության վերաբերյալ տեղեկությունը` չընդունելով վերջիններիս առարկությունները:
Շքեղ գույքը գրանցված է երեք օֆշորներում` Անթիլյան կղզիներ, Պանամա և բրիտանական Անգիլյա շրջանում: Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրավապահ մարմինների պահանջով անշարժ գույքի նկատմամբ կալանք են սահմանել 2019 թվականի գարնանը` առանց հրապարակելու տների հասցեներն ու սեփականատերերի անունները:
Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության քննիչների կարծիքով՝ տները գնվել են Նուրալի Ալիևի հոր և Դարիգա Նազարվբաևայի նախկին ամուսին Ռահաթ Ալիևի հանցավոր եկամուտներով: Պաշտպանական կողմը պնդում է, որ անշարժ գույքը գնվել է Նազարբաևայի և Ալիևի ամուսնալուծությունից հետո:










