ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի և թալիբների միջև համաձայնության վերաբերյալ բանաձև է ընդունել

01:19 • 11.03.20

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի և «Թալիբան» ծայրահեղական շարժման միջև ձեռք բերված համաձայնություններն աջակցող բանաձև: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Համաձայն բանաձևի նախագծի՝ Անվտանգության խորհուրդը ողջունում է հրադադարին և Աֆղանստանի ներքին բանակցություններին ուղղված զգալի քայլերը, որոնք հնարավոր դարձան շնորհիվ ԱՄՆ-ի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտարարության, ինչպես նաև ԱՄՆ-ի և «Թալիբանի» համաձայնության:

Ինչպես նշվում է բանաձևի տեքստում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ը Աֆղանստանի կառավարությանը և «Թալիբան» շարժմանը կոչ է անում ի նշան բարի կամքի հավելյալ քայլեր իրականացնել ներաֆղանական բանակցությունների և ամուր խաղաղության արագ սկսման և հաստատման համար պայմաններ ստեղծելուն ուղղված վստահության ամրապնդման համար:

Այդ թվում, խոսվում է նաև բռնության մակարդակի նվազեցման և բանտարկյալների ազատ արձակման մասին:

Փետրվարի 29-ին ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնագիր էր ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, իրենց հերթին, պետք է ձեռնպահ մնան բռնությունից։