Պենտագոնը խոստովանել է, որ «Թալիբներին» օգնություն է ցուցաբերել «Իսլամական պետության» դեմ պայքարում
Միացյալ Նահանգներն աջակցել է «Թալիբան» ծայրահեղական շարժմանը Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Վերջին մի քանի ամիսներին Աֆղանստանի արևելյան հատվածում մենք ականատեսը դարձանք, թե ինչպես «Թալիբանը» նախ կրճատեց, ապա վերացրեց Նանգարխար հարավային նահանգում «ԻՊ»-ի ներկայությունը, և նրանք դա շատ արդյունավետ էին անում: Սա աշխարհի ամենաբարդ (խմբ.՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար) շրջաններից մեկն է: Նրանք շատ բարձր գին են վճարել իրենց զինյալների կյանքի համար»,- ասել է նա:
Մաքքենզիին խնդրել են հստակեցնել, թե «Թալիբանն» այդ ամենն ինքնուրո՞ւյն է արել, թե՞ Վաշինգտոնն աջակցել է: «Մեր կողմից շատ սահմանափակ աջակցություն է եղել: Ես դա կբնորոշեի որպես շատ սահմանափակ աջակցություն»,- խոստովանել է նա:
«Այնպես որ՝ իրենք ցուցադրել են իրենց հնարավորությունները: Դա արյունալի ջարդ էր, սակայն իրենց հաջողվեց»,- հավելել է գեներալը»:










