Արարատի մարզում պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի, իսկ Լուսառատ համայնքի մոտ հյուրանոց կառուցելու թույլտվությանը որոշումը կչեղարկվի. Պավել Ավետիսյան

16:32 • 12.03.20

Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի և ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքի մոտ հյուրանոց կառուցելու թույլտվության որոշումը կչեղարկվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Նոր հանգամանքներ կան: 2018-2019թթ. մենք առանց պեղումների գրանցումներ ենք կատարել պահպանական գոտուց դուրս ընկած այդ տարածքների վրա: Ունենք դիտարկումներ, որ այնտեղ շերտեր, կառույցներ և այլ հետաքրքիր բաներ կան: Գրությամբ դիմեցինք նախարարությանը, որ այսպիսի նոր հանգամանքներ կան, խնդրում ենք  հաշվի առեք և չեղարկեք այդ ձեր որոշումը»,- ասաց նա:

Ավետիսյանն ասաց, որ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն է հարցով զբաղվել և դիմելու են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ չեղարկելու Լուսառատի տարածքում հողերի նպատակային նշանակությունը փոխելու իրենց նախորդ գրությունը:

«Այսօր կամ վաղը հանձնարարություն է լինելու: Մեր ինստիտուտի արշավախմբի ներկայացուցիչները և նախարարության մասնագետները միասին կգնան նոր պահպանական գոտի կգծեն՝ ըստ նոր տվյալների: Այդ պահպանական գոտու մեջ կմտցնեն այդ տարածքները ևս»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան փոխվել էր, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին այդտեղ կարողանա հյուրանոց կառուցել:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Ավետիսյանն ասել էր, որ թյուրիմացաբար կամ չգիտես՝ ինչպես Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հողերի վրա կառուցապատման թույլտվություն են տվել, պետք է բացառել հուշարձանը վնասելու հնարավորությունը: