Disney-ը կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում փակում է իր զվարճանքների զբոսայգիները

23:53 • 13.03.20

Disney ստուդիան որոշում է կայացրել ամբողջ աշխարհում փակել իր զվարճանքների զբոսայգիները՝ կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: CNN-ի տեղեկատվության համաձայն՝ դա նաև կապված է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ նահանգում բոլոր միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին հայտարարության հետ։

Աղբյուրը մանրամասնում է, որ Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում Դիսնեյլենդը կփակվի մարտի 14-ին։ Ֆլորիդայում Walt Disney World-ը և Փարիզի Դիսնեյլենդը կդադարեն աշխատել կիրակի՝ մարտի 15-ին: Կհետաձգվեն Disney Cruise Line-ի չվերթները, իսկ Disneyland Resort հյուրանոցները հյուրերին կընդունեն մինչև մարտի 16-ը:

Ըստ հաղորդման՝ այս բոլոր կառույցների աշխատանքը Disney-ը ծրագրում է վերսկսել ամսվա վերջին։ Ավելի վաղ ստուդիան արդեն ժամանակավորապես փակել էր Շանհայի, Հոնկոնգի և Տոկիոյի այգիները:
«Չնայած այն հանգամանքին, որ Disneyland Resort-ում COVID19-ի դեպքերի մասին ոչ մի հաղորդում չի ստացվել, Կալիֆոռնիայի նահանգապետի գործադիր հրամանագրի ուղեցույցների մանրակրկիտ ուսումնասիրությունից և մեր հյուրերի և աշխատակիցների շահերից ելնելով՝ մենք շարունակում ենք փակել Disneyland Park-ը և Disney California Adventure-ը՝ մարտի 14-ի առավոտից մինչև ամսվա վերջ», - ասված է Disneyland Resort-ի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

«Մենք կհետևենք ներկայիս իրավիճակին, ինչպես նաև դաշնային  և պետական պաշտոնյաների և առողջապահական հաստատությունների խորհուրդներին և ցուցումներին: Disney-ը կշարունակի դերասաններին վճարել այդ ընթացքում», - ասված է հայտարարության մեջ։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։