Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը․ իշխանությունները կարգելեն օտարերկրացիների մուտքը
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը․ մահացել է Ժիտոմիրի մարզի 71-ամյա բնակչուհին, հայտնում է hromadske.ua-ն՝ վկայակոչելով Առողջապահության նախարարությանը:
Աղբյուրը հաղորդում է, որ Ուկրաինան մարտի 16-ից օտարերկրացիների մուտքի արգելք կսահմանի, այն կգործի երկու շաբաթ:
Ուկրաինայում կորոնավիրուսի երեք դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։










