«Ես պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ»․ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին կոչ է արել պատրաստ լինել կորոնավիրուսի հետևանքով հարազատների կորստին

21:27 • 13.03.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման ֆոնին բրիտանացիներին դիմել է «շատերը ժամանակից շուտ կկորցնեն մտերիմներին» արտահայտությամբ: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Financial Times-ը։

Կառավարության ղեկավարը բրիտանացիներին կոչ է արել պատրաստ լինել կորոնավիրուսի պատճառով հարազատների կորստին, քանի որ վարակվածների թիվը կարող օրեցօր ավելանալ:
«Այն կշարունակվի տարածվել։ Ես պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ։ Շատ և շատ ընտանիքներ ժամանակից շուտ կկորնեն իրենց սիրելիներին» -ընդգծել է վարչապետը:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը նա անվանել է հանրային առողջապահության ոլորտում «վատագույն ճգնաժամը»:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 208-ով՝ հասնելով 798-ի։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր մահացել է 10 մարդ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։