Հակառակորդը Իջևանի հատվածում գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

16:33 • 13.03.20

Այսօր՝ ժամը 12:00-ին և 12։30–ին, Տավուշի մարզի Իջևանի հատվածում հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ ևս։

«Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո»,-նշեց նա։

Շուշան Ստեփանյանը հայտնեց նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, թե հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական գյուղի ուղղությամբ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

«Մենք հավատարիմ ենք մեր որդեգրած ուղեգծին, և երբեք խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չենք բացում»,-նշեց ՊՆ մամուլի խոսնակը: