«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»․ ԱՀԿ-ն Եվրոպան հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոն
Նոր կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոնը դարձել է Եվրոպան, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է ria.ru-ն։
Նրա խոսքով` Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։
«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,-հավելել է Գեբրայեսուսը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։










