Պատգամավորի պնդումը, թե հորը ԵՊՀ-ից հեռացրել են ընդդիմադիր հայացքների համար, իրականությանը չի համապատասխանում, ԵՊՀ-ն նման աշխատակից չի ունեցել. Yerkir.am

18:15 • 13.03.20

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը ս/թ մարտի 6-ին «Հրապարակ» թերթի կայքէջում զետեղված հարցազրույցում նշել էր. 

«Ինչպես նշեցի ԱԺ ամբիոնից, գլուխս բարձր է, որովհետեւ ես երբեւէ որեւէ մեկից բան չեմ գողացել, որեւէբան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել, երբեք անօրինական բան չեմ արել։ Ինչից սկսվեց. սկսվեց նրանից, որ երեկ Էդմոն Մարուքյանն ու իրենց պատգամավորներն ինձ մեղադրեցին ՀՀԿ-ական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ եթե ՀՀԿ-ական ես եղել, էդ կոռուպցիայի հարցերը բարձրացնեիր։ Ես էլ ասում եմ, որ իմ հայրիկին ընդդիմադիր հայացքների համար հեռացրել են ԵՊՀ-ից, որովհետեւ պաշտպանել է ընդդիմադիր ուսանողներին, կա հայտնի տեսաձայնագրություն» :

Yerkir.am-ն այս առիթով հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի անունով՝ խնդրելով տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ առ այն, թե Գևորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ե՞րբ է աշխատել ԵՊՀ-ում, հեռացրե՞լ են, արդյոք, նրան ԵՊՀ-ից՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու համար, ե՞րբ և ի՞նչ առիթով է դա տեղի ունեցել: Խնդրել էինք մեզ տրամադրել նաև Հարություն Պապոյանի՝ ԵՊՀ-ից հեռացման մասին հրամանագիրը, իսկ եթե այդպիսին չկա, ապա խնդրել էինք տրամադրել Հարություն Պապոյանի աշխատանքից ազատման հրամանագիրը: ԵՊՀ ռեկտորից խնդրել էինք տրամադրել նաև այն հայտնի տեսաձայնագրությունը, որի մասին հիշատակել էր Գևորգ Պապոյանը, ինչպես նաև խնդրել էինք տրամադրել այն ընդդիմադիր ուսանողների անունները, որոնց պաշտպանելու համար, ըստ Գ. Պապոյանի, հեռացվել է ԵՊՀ-ում դասախոսող իր հայրը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է)՝ տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ԵՊՀ-ում երբևէ չի աշխատել:

Մնում է՝ զարմանալ, թե ԵՊՀ-ում երբևէ չաշխատած մարդն ինչպե՞ս կարող էր հեռացվել, այն էլ այդպիսի հնչեղ ճանապարհով՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու պատճառով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: