Թոմ Հենքսը շնորհակալություն է հայտնել ավստրալացիներին՝ իր և կնոջ մասին հիվանդանոցում լավ հոգ տանելու համար (լուսանկար)

23:44 • 13.03.20

Թոմ Հենքսը, որը օրերս երկրպագուներին հայտնել էր, որ իր և կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, խոսել է իրենց առողջական վիճակի մասին։

Դերասանը Instagram-ում շնորհակալություն է հայտնել ավստրալացիներին՝ իրենց մասին հիվանդանոցում լավ հոգ տանելու համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ինքն ու կինը գտնվում են լիակատար մեկուսացման մեջ։

Դերասանը խնդրել է մարդկանց անել հնարավոր ամեն ինչ՝ հիվանդության տարածումը կանխարգելելու համար։
«Կան բաներ, որոնք մենք բոլորս կարող ենք անել, որպեսզի հաղթահարենք այս ամենը, պետք է հետևել փորձագետների խորհուրդներին», - գրել է դերասանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով և մեկուսացվել են Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են անցնում:

«Մենք մեզ հոգնած էինք զգում, մրսածության և թեթև տենդի ախտանշաններ ունեինք: Ճիշտ վարվելու համար, ինչպես անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,- գրել էր դերասանը իր Instagram-ում։

Ավստրալական SBS հեռուստաալիքի տվյալներով՝ Հենքսը կնոջ հետ ժամանել էր Ավստրալիա՝ մասնակցելու ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի՝ Էլվիս Փրեսլիի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումներին: 63-ամյա դերասանը հանդես է գալիս երգչի մենեջերի` Թոմ Փարքերի դերում։ Առայժմ պարզ չէ, թե որտեղ և ինչպես է զույգը վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով: